Ինչպես են առաջանում ստվերային այգիները և որքան են դրանք կազմում. Մանրամասնում է գյուղնախարարը
Գայթակղություն է առաջանում հողի կատոգորիան չփոխել, որովհետեւ գյուղատնտեսական հողերի մի քանի տեսակ կա՝ արոտ, խոտհարք, վարելահող եւ հողի հարկը տարբեր է։ Օգոստոսի 31–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Ստվերային գյուղատնտեսության առկայության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանն անդրադառնալով, նախարարը նշեց. «Հիմա չեմ կարող ասել, թե ծավալն ինչքան է, քանի հա այգի է եղել, որը փոխվել է, որը չի փոխվել, զուտ այն պատճառով, որ ստվերում է։ Եթե այդ հարցերի պատասխանն ունենայի, արդեն ստվեր չէր լինի»։
Նախարարը հավելեց, որ այս պարագայում նաեւ ջրի խնդիր է առաջանում, որովհետեւ տարբեր մշակաբույսեր ջրի տարբեր պահանջ ունեն եւ կարող է գայթակղություն առաջանալ ավելի ցածր ջրի պահանջարկ ունեցող մշակաբույսի փոխարեն հայտարարել ավելի բարձր ջրի պահանջարկ ունեցող բույս։
Հարցին, արդյոք գյուղացիները հողի կատեգորիան միտումնավոր չեն փոխո՞ւմ, նախարարը պատասխանեց. «Միտումնավորության որոշումը գյուղնախարարության գործառույթը չէ, ես ձեզ ներկայացնում եմ ստվերային այգին ինչպես կարող է առաջանալ։ Հիմա դա միտումով է արված, թե ծուլությամբ է պայմանավորված, թե այդ փողի, որ չունեն՝ 40 հազար դրամ, որ գնան կատեգորիան փոխեն եւ այլն, դա, հավատացնում եմ ձեզ, գյուղատնտեսության նախարարության գործառույթը չէ»։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ վարչապետի հանձնարարականը ուղղված է եղել պատկան մարմիններին եւ, կարծում է, ինչ–որ բան կունենանք։
Անդրադառնալով հրապարակումներին, որ ցորենի ցանքատարածությունները քիչ են, ավելին են ցույց տալիս, նախարարը հիշեցրեց. «Կառավարությունը կազմավորվել է մայիսի 12–ին, իմ առաջին աշխատանքային օրը մայիսի 14–ին է եղել, երբ գարնանացանը վերջացած է եղել, հետեւաբար որեւէ դափնի, թե ցանքերը ավելացել են կամ որեւէ քննադատություն, թե ցանքերը պակասել են, այլ հասցեատեր ունեն»։