Եթե հողերը խոշորացվեն՝ կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով. Գյուղնախարարությունը նոր ծրագիր է սկսում
Գյուղմթերքի էժանացմանը միտված՝ ոռոգելի գյուղատնտեսության նոր ծրագիր է մեկնարկում Գյուղատնտեսության նախարարությունը. եթե գյուղացիները միանան, հողերը խոշորացնեն՝ կոոպերատիվի, գյուղացիական ասոցիացիայի կամ ցանկացած այլ տեսքով, նախարարությունը կապահովի ոռոգման կաթիլային ցանցով։ Այս մասին օգոստոսի 31–ին, պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսում ասաց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Կաթիլային ոռոգման համակարգի գրավչությունը միայն այն չէ, որ ջրի ծավալն է պակասում, այլ ավելանում է բերքատվությունը, բարձրանում է բերքի որակը, ջուրը գնում է բույսին եւ ոչ կողքի մոլախոտին, ինչպես նաև պարարտացումը տեղի է ունենու շատ ավելի արդյունավետ»,–ասաց նախարարը։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ հողերի խոշորացումը նաև հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը՝ ինչ բերք պետք է ցանվի տվյալ վարելահողի վրա եւ ինչ հերթականությամբ։ «Որովհետեւ եթե անընդհատ նույն հողակտորը նույն բերքի տակ է, հողը մաշվում է, քայքայվում, արդյունավետությունը նվազում է։ Եթե հողերը խոշորացվեն եւ անցնեն նույն կուլտուրաների եւ նույն հերթականությանը, ապա եղած հողակտորի արդյունավետությունը, հետեւաբար տիրոջ կամ վարձակալի եկամտաբերությունը էապես կբարձրանա եւ կարող ենք ունենալ գների անկում»,–պարզաբանեց Արթուր Խաչատրյանը։
Գյուղատնտեսության նախարարը մի քանի թիվ նշեց. երբ հողը քառորդ դար առաջ սեփականաշնորհվեց, միջին հողատարածքը 1,37 հա էր։ 25 տարի անց շատ մեծ փոփոխություն չի եղել՝ այսօր ՄԱԿ–ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 1,42 հա է։
«Փոքր հողատարածքները սուբօպտիմալ են՝ կոչվում է մասշտաբի էֆեկտ։ Դրանից բացի կողք–կողքի գտնվող տարբեր հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր՝ մի տեղ ցորեն, մի տեղ վարունգ է, մի տեղ Սովետական Միությունից մնացած ծիրան է, մի քիչ ներքեւ արդեն ոչ մի բան չկա. այդ մեծ հողակտորի արդյունավետությունը դրանով էապես նվազում է»,–ասաց նախարարը ։
Փոքր հողատարածքների դեպքում, նրա խոսքով, ոռոգման հարցում է խնդիր առաջանում, գյուղտեխնիկայի պահանջներն են տարբեր, վնասատուների դեմ պայքարն է ոչ արդյունավետ։ « Բարդ է խնդիրը և այստեղ մեզ համար կարևոր է հողերի խոշորացումը, ուզում եմ շեշտել՝ պահպանելով սեփականության իրավունքը»,–ընդգծեց նախարարը։
«Խոսք չի եղել եւ չի կարող լինել սեփականության իրավունքի սահմանափակման մասին, ուղղակի անհրաժեշտություն է առաջանում, որ հողատերերը միավորվեն, խոշորացնեն հողերը, որ բարձրանա ընդհանուր հողակտորի արդյունավետությունը»,–ասաց Գյուղատնտսության նախարար Արթուր Խաչատրյանը։