Հայաստանի ԱԳ նախարարը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո մեդալով
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 30-ին ընդունեց «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին և նկարահանող խմբին` հաղորդաշարի եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորեց հյուրերին հոբելյանի առթիվ և գոհունակությամբ արձանագրեց, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել և իրականացվում է արդյունավետ համագործակցություն։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԱԳՆ-ն շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաև յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով: