Արցախի օմբուդսմենը ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնին ներկայացրել է իր ղեկավարած մարմնի աշխատանքը
Արցապի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի եւ հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության եւ Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:
Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում Պաշտպանին, ինչ շրջանակներում է Պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:
Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարեւորությունը Արցախի եւ եվրոպական կառույցների միջեւ կապերի հաստատման եւ ամրապնդման գործում: