Թբիլիսիում վթարից տուժածներին ՀՀ տեղափոխելու համար վերակենդանացման բրիգադը մեկնել է Վրաստան
Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռեւս բուժում ստացող ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու հարցերը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով օգոստոսի 29-ին Հայաստանից Թբիլիսի է ուղեւորվել շտապբուժօգնության վերակենդանացման բրիգադ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները գնահատել են Թբիլիսիում դեռեւս բուժվող 2 քաղաքացու առողջական վիճակը: Հաշվի առնելով տուժածների վիճակի ծանրությունը՝ որոշվել է նրանց չտեղափոխել՝ նպատակահարմար համարելով սպասել վիճակի որոշակի կայունացման:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ է ինչպես Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանության հետ` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու հրատապ օժանդակություն:
Սա հայ մասնագետների երրորդ այցն էր Թբիլիսի: Նախորդ այցերի ժամանակ, դեսպանության նախաձեռնությամբ եւ առողջապահության նախարարի հանձնարարությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կայուն վիճակում գտնվող Ա. Խ.-ն` հարազատների ցանկությամբ բուժումը ՀՀ-ում շարունակելու նպատակով: