Կարելի՞ է սոցիալական ցանցում հանրայնացնել սեփական քվեաթերթիկը
Սեփական քվեաթերթիկը սոցիալական ցանցում կամ որևէ այլ եղանակով հանրայնացնելու դեպքում անվերահսկելի է դառնում դրդապատճառը, թե որ դեպքում է դա արվում հարկադրանքով կամ շահադիտական նպատակներով, որ դեպքում՝ ոչ: Այս մասին, օգոստոսի 30-ին, կառավարության նիստում ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնեց, որ դժվար ապացուցելի է, թե արդյոք քվեաթերթիկ հրապարակելու տակ կա շահադիտություն. «Բայց եթե կարողացանք պարզել, որ կա և կապ ունի ընտրակաշառքի հետ, այն ենթակա կլինի պատասխանատվության»:
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը, որտեղ ոչ թե քրեականացված է ընտրողի կողմից քվեաթերթիկը հրապարակելը, այլ երրորդ անձի կողմից գաղտնիությունը խախտելը, դրա համար իրենք առաջարկել են այդ դրույթը նախատեսել վարչական իրավախախտումների օրնսգրքում: Ընդհանուր առմամբ, Թաթոյանը կողմ արտահայտվել օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններին՝ մասնավորապես, ընտրակեղծիքի համար պատասխանատվության խստացմանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ քվեարկության գաղտնիությունը պետք է ամրագրվի. «Քվեարկությունը գաղտնի է եւ դա վերաբերում է նաեւ ինձ՝ քվեարկողիս: Պատկերացրեք մի վիճակ, երբ ես ուզում եմ իմանալ, թե որքան ձայն տրվեց ինչ եւ հրապարակային խնդրում եմ, որ բոլոր քվեարկողները նկարեն ու հրապարակեն իրենց քվեաթերթիկը: Արդյոք դա չի խախտի օրենսդրությունը»,-ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ այս փաթեթը պետք է ընդունվի սեպտեմբերի 6-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում, որպեսզի դրանք գործեն արդեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Նախագիծը, ի վերջո, հավանություն ստացավ կառավարությունում: Նշենք, որ հարցը ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերի 6-ին կայանալիք արտահերթ նստաշրջանում: