Ալբանիայի քաղաքացիներն այսուհետ առանց վիզայի կարող են գալ Հայաստան. մուտքի վիզայի պահանջը հանվեց
Կառավարությունն օգոստոսի 30-ի իր նիստում որոշում է կայացրել Ալբանիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար:
Հարցը ներառված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:
Նշենք, որ փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետեւաբար ՀՀ կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։
Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլեւ նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման եւ զարգացման համար:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ալբանիայի հետ եւ նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստան այցերի աճին:
Նշենք, որ Ալբանիայի քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին: