Facebook-ի մարտահրավերը՝ YouTube-ին
Մարկ Ցուկերբերգի ընկերությունը հայտարարել է Facebook Watch ծառայության համաշխարհային գործարկման մասին, որը կդառնա YouTube տեսահոսթինգի խոշորագույն մրցակիցը:
Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով Facebook-ի մամլո ծառայությանը, Facebook Watch-ը ողջ աշխարհում հասանելի կլինի օգոստոսի 30-ին:
Ծառայությունը 2017-ի օգոստոսից գործում է Միացյալ Նահանգներում: Ամեն օր շուրջ մեկ մլն օգտատեր այցելում է այն առնվազն մեկ րոպե տևողությամբ: Տարեսկզբից տեսանյութերի դիտման ընդհանուր տևողությունն աճել է 14 անգամ:
Facebook-ը տեսանյութերի հեղինակներին առաջարկում է գումար վաստակել գովազդային դադարների ժամանակ: Այս հնարավորությունը նախ կներմուծվի խոշորագույն շուկաներում:
Այս ծառայությունը սկզբնական շրջանում անհասանելի կլինի Չինաստանում, Հյուսիսային Կորեայում և մի շարք այլ երկրներում:
Այն նախ հասանելի կլինի Android սմարթֆոնների համար, այնուհետև նաև iPhone-ների: