Սեպտեմբերի 15-ից հացահատիկը նորից կարող է թանկանալ. Մարուքյանը կոչ արեց դիմել վրացի պատգամավորներին
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի վերգետնյա տրանսպորտով ցորենի, հացահատիկի ներմուծում, որի հետեւանքով տոննայի մեջ հացահատիկը կթանկանա 50 դոլարով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, նրանք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա հացահատիկը: Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց էլ կա:
Բնականաբար, դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Ժամանակը շատ կարճ է, եթե սեպտեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն Վրաստանից վերգետնա տրանսպորտով հացահատիկի ներմուծումն արգելելու հիմքով»,-ընդգծեց Մարուքյանը:
Նա կոչ արեց կապվել վրացի պատգամավորների հետ եւ փորձել հարցը կարգավորել նաեւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:
Մարուքյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Մենք մինչեւ սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց կունենանք Վրաստան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանն իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, որ այստեղ անելիք ունի առաջին հերթին կառավարությունը»: