Ուկրաինայում ծեծկռտուք է ծագել Դոնբասում մահացած զինվորի հուղարկավորության ժամանակ
Ուկրաինայի Լվով քաղաքում վեճ ու ծեծկռտուք է ծագել Լուգանսկի մոտակայքում մահացած զինծառայողի՝ «Դոնբաս» գումարտակի նախկին կամավոր Մարյան Նայդայի հուղարկավորության ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը։
Լվովում գտնվող Լիչակովյան գերեզմանատան տնօրեն Իգոր Գավրիշկևիչի պնդմամբ՝ սև շապիկներ հագած մի խումբ մարդիկ փորձել են խոչընդոտել մահացածի՝ քրիստոնեական ավանդույթներով հուղարկավորմանը։ Նրանցից ոմանց շապիկներին գրված է եղել «Օդին Վալհալլայի որդիներ» գրությունը։
Նրանք խոսել են հեթանոսության ու վիկինգների՝ կացնով ու թրով թաղման արարողությունների կարգի մասին և պնդել, որ մահացածը կտակել է նրանց հուղարկավորել իրեն հենց այդ ձևով։
Սև շապիկ կրողներից մեկն անգամ կացին է դրել մահացածի դագաղի մեջ։
Երբ մոտակայքում գտնվող վանքի ծառայողը խնդրել է չխանգարել հուղարկավորության արարողությանը՝ տղամարդիկ սկսել են սպառնալ նրան ու հայհոյել։
Հոգևորականի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ Դոնբասում մահացած զինծառայողների թաղման արարողության ժամանակ նման միջադեպ է պատահում։