Մարդկային սխալմունք է տեղի ունեցել. ԱԳՆ ԺՊ խոսնակը՝ Մերկելի Instagram- ի էջում Հայաստանի փոխարեն Ադրբեջան նշելու մասին (տեսանյութ)
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին և նշեց, որ այն նման մակարդակով առաջին այցելությունն էր Հայաստան, ինչի արդյունքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Լրագրողի հարցին, թե տարածաշրջանային մյուս երկրների համեմատությամբ արդյո՞ք Հայաստանին հաջողվեց առավելագույնս արդյունավետ օգուտներ քաղել Մերկելի այցից, և մեր շահերից ելնելով ինչպես է գնահատում արցախյան հակամարտությունում Գերմանիայի կողմից պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը, Աննա Նաղդալյանը նախ ասաց, որ այն հանգամանքը, որ պատվիրակության ներսում եղել են ընդգծված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, վկայում է առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը, և այդ ուղղությամբ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ համատեղ ծրագրեր իրականացնելու:
«Ոմանց մասին դեռ բարձրաձայնվել է, ոմանց մասին՝ դեռ ոչ: Հայկական կողմը հստակ առաջարկություններ և ծագրեր է ներկայացնելու և արդեն հանձնառու է եղել այս գործին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, Աննա Նաղդալյանն ասաց, որ Գերմանիան հետաքրքրված է կայունությամբ, խաղաղությամբ, և պատերազմի քարոզչությունը պետք է հստակ մերժվի: «Գերմանիան վերահաստատել է, որ հանձնառու են խաղաղ կարգավորմանը, որ պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն»,-ասաց նա և հիշեցրեց, որ Մերկելը հայտարարել է, որ պետք է հակամարտության գոտում բնակվող մադկանց խնդիրներին իրական լուծումներ տրվեն:
Խոսելով վերաբերում է կանցլերի՝ ինստագրամյան էջում Հայաստանի նկարներում Ադրբեջան նշված լինելու մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ իրենք այդ հարցով հետաքրքրվել են, և մարդկային սխալմունք է տեղի ունեցել: