Թումանյան համայնքի բնակիչը կասկածվում է ապօրինի ծառահատում իրականացնելու մեջ
Օգոստոսի 25-ին, ժամը 04-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները Օձուն գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Բ.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 3 խմ փայտանյութով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սամվել Բ.-ն փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը օգոստոսի 5-ին բենզասղոցով կտրել, մանրացրել է Մարց գյուղի վերջնամասի «Բաղ» կոչվող հանդամասում գտնվող իր խոտհարքին հարակից անտառում` ծառերից թափված ճյուղերից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: