Մենք Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները դիտարկում ենք որպես թիմային աշխատանք. ՕԵԿ փոխնախագահ
Օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ներկայացնելով կուսակցության ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարեց.
«Օրինաց երկիր» կուսակցության թիմում, որը պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ներկայացված են երիտասարդ մասնագետներ, որոնք ժամանակակից կրթություն են ստացել, աշխատանքային փորձ ունեն և դրա հետ մեկտեղ հանրային ակտիվություն են ցուցաբերել»։
Շահգելդյանը որպես մեծ վաստակ նշեց նրանց մասնակցությունը հեղափոխական գործընթացներին։
«Նրանք ակտիվ դիրքորոշում և ապագայի վստահ տեսլական ունեն։ Մենք Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները դիտարկում ենք որպես թիմային աշխատանք ու գործունեություն։ Իհարկե, կարևոր է նաև քաղաքապետի ընտրությունը»,–շեշտեց նա։
Շահգելդյանը հայտնեց նաև, որ ցուցակը կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը։
Ավելի վաղ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: