Ոչ մեկին էլ չենք հավատում, բացի Փաշինյանից. Շիրակի մարզի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը
Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի գյուղերի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը: Նրանք պահանջում են խոշորացված համայնքի գյուղերը նորից առանձնանցել, վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը, քանի որ խոշորացման ժամանակ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել:
Գյուղացիները պահանջում են, որ իրենց մոտ գա Շիրակի մարզպետը և լսի իրենց կարծիքն ու պահանջը:
«Խոշորացումը տեղի է ունեցել նոյեմբերին ու դրանից հետո ոչինչ չի փոխվել: Որեւէ փոփոխություն չենք տեսել, վճարում ենք հարկեր, բայց ներդրումներ չեն արվում համայնքներում»,-ասաց ակցիայի մասնկիցներից մեկը՝ հավելելով, որ չեն լուծվում ջրի խնդիրը, աղբահանության և այլ խնդիրներ:
Ցուցարարները ընդգծեցին, որ իրենք դեմ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ուզում են, որ իրենց ձայնը լսելի լինի, ուզում են, որ իրենց վճարած հարկերը մնան իրենց համայնքին և ներդրումները հենց իրենց մոտ արվեն:
Նրանք հայտարարում են, որ ճանապարհը չեն բացի, մինչև իրենց պահանջը չկատարվի:
«Ինչու իշխանությունները չեն գալիս մեզ լսեն, բանակցեն: Վերևներում մեզ չեն լսում: Ոչ մեկին էլ չենք հավատում, բացի Փաշինյանից: Փաշինյանը ղայդին մարդ ա: Մենք ուզում ենք առանձնանալ, լինել առանձին համայնքներ»,-ասացին նրանք:
Նշենք, որ այս տարի նախատեսված է համայնքների խոշորացման հաջորդ փուլը, սակայն նոր կառավարությունը կասեցրել է գործընթացը: Հայտարարվել է, որ նախ մտադիր են լսել համայնքների կարծիքը եւ առանց նրանց համաձայնության խոշորացում այլեւս չի լինելու:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարների մոտ է գալիս Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: