Օպերային թատրոնի տնօրենն առանձին հաստիք պետք է զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին. Լիլիթ Մակունց
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն օգոստոսի 27-ին պաշտոնավարման 100 օրվա ամփոփման մամուլի ասուլիսին անդրադարձել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապված խնդիրներին։
«100 օրերի ընթացքում Օպերայի հետ կապված շատ խնդիրներ են ինձ ներկայացվել։ Պարոն Օրբելյանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները հասցեագրվեն և հասցեագրվելու են»,– ասել է նախարարը։
Նախարարը շեշտեց՝ Երեւանի Օպերային թատրոնի աշխատանքի արդյունավետությունը կշահի, եթե բոլոր հաստիքներն այնտեղ լինեն տարանջատված։
«Մեր կողմից հնչեցվել է այն տեսակետը, որ տնօրենը առանձին հաստիք զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին, խոսել ենք գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին»,–հայտնեց նա՝ հավելելով, որ սպասում են Կոնստանիտին Օրբելյանի արձագանքին, քանի որ հարցերի քննարկումը եղել է նրա արձակուրդ գնալուց առաջ եւ պայմանավորվել են անդրադառնալ արձակուրդից վերադառնալուց հետո։