Հայստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան դառնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների համար. Մերկել
Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար և Գերմանիան նույնպես կարող է դրան մասնակցել»,-ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ «իր երկիրը շահագրգռված է հակամարտության լուծմամբ և իր ներդրումը կունենա Մինսկի խմբի շրջանակներում»:
Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել:
«Մենք համաձայն ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում` այս տարածաշրջանում, պետք է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծվեն», - նշել է Գերմանիայի կանցլերը: