Բելգիան չի ընդունի ներգաղթյալներին իտալական փրկարարական նավից
Բելգիան չի ընդունի ապօրինի ներգաղթյալներին, որոնց փրկել է իտալական Diciotti առափնյա անվտանգության ծառայության նավի անձնակազմը: Այս մասին ասել է ապաստանի և միգրացիայի հարցերով Բելգիայի պետական քարտուղար Թեո Ֆրանկենը:
«Մենք այլևս չենք պատրաստվում ընդունել ապօրինի ներգաղթյալներին, որոնք Հյուսիսային Աֆրիկայից նավերով գալիս են Եվրոպա. սա չի կարող խնդրի լուծում լինել», - ասել է Ֆրանկենը VRT հեռուստաալիքի եթերում:
Հայտնի է, որ օգոստոսի 15-ին Diciotti-ի նավաստիները 177 ներգաղթյալի են փրկել, որոնք աղետի գոտում են հայտնվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերում:
Այնուհետև իտալացիները փրկված մարդկանց երկրի նավահանգիստներից մեկը հասցնելու թույլտվություն են խնդրել Մալթայի իշխանություններից, սակայն Վալետան մերժել է:
Դրանից հետո Diciotti-ն գտնվել է իտալական Լամպեդուզա կղզու գոտում՝ սպասելով Հռոմի որոշմանը, և միայն երկուշաբթի երեկոյան ներգաղթյալներին հասցրել են Սիցիլիա:
Իտալիայի ՆԳ նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին ներգաղթյալներին ափ հասցնելու թույլտվություն չի տվել ու պահանջել է գտնել այս խնդրի լուծումը եվրոպական մակարդակով՝ օգտագործելով ԵՄ երկրների միջև ներգաղթյալներին բաշխելու պրակտիկան: