Աննախադեպ. դատավորները դատի են տվել ՀՀ նախագահին և Գագիկ Հարությունյանի ղեկավարած ԲԴԽ-ին
Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:
Դատավորները օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր: Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը:
Բանն այն է, որ օգոստոսի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։
22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Ըստ դատական օրենսգքրի՝ Սնանկության դատարանը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից և լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են՝ Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գևորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը, Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադևոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը: Չընտրված դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին, սակայն, չի գոհացրել ԲԴԽ այս որոշումը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորներ են եղել, որոնք անձամբ խնդրել են ԲԴԽ անդամներին, որ իրենց աջակցեն ընտրվել, բացի այդ նշվում է, որ ընտրվածների մեջ եղել են դատավորներ, որոնք սնանկության գործեր քննելու փորձ չեն ունեցել, մինչդեռ չընտրվածները փորձառու դատավորներ են, անգամ սնանկության թեմայով դասախոսություններ են կարդում:
Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում