Անգելա Մերկելը Թբիլիսիից հեռացել է անսպասելի նվերով
Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին 17-րդ դարի կտավ է նվիրել: Այս մասին ասվում է գերմանական կառավարության Instagram-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Նկարը Բախտաձեն հանձնել է Մերկելի պատվին Մտացմինդա լեռան վրա ռեստորանում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Դատելով սոցցանցում արված գրառումից՝ նվերը Մերկելի համար «անսպասելի» էր:
«Երգ ընթրիքի ժամանակ եւ անսպասելի նվեր. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին 17-րդ դարի կտավ է հանձնել, որը Դրեզդենի թանգարանից կորել էր 1945 թվականի պատերազմի ժամանակ: Ավելի ուշ կտավը հայտնվել էր ԽՍՀՄ-ում, ապա՝ Վրաստանում»,- նշվում է գրառման մեջ:
Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը չի նշում, թե որ նկարչին է պատկանում կտավը: Հայտնի չէ նաեւ, թե ում հավաքածուում է մինչ այժմ պահվել աշխատանքը: