Ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի շահերից. Սփյուռքի նախարար
Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախարարությունների կրճատման հայտարարությանը ասաց.
«Այս պահին սփյուռքի նախարարության կրճատման հարց չկա օրակարգում:
Նման հարց չկա օրակարգում, բայց ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա գործունեությանը նվիրված հանրահավաքին հայտարարել էր պետական ապարատի օպտիմալացման, նախարարությունների կրճատման մասին:
Լրագրողի հարցին, թե պնդելու եք, որ Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցը լինի նախարարություն, նախարարը պատասխանեց.
«Եթե ես՝ որպես Սփյուռքի նախարար, այստեղ եմ այն համոզմամբ, որ նախարարությունն անելիք չուներ, ես չէի լինի այստեղ:
Սփյուռքի նախարարությունն իր նոր մոտեցումներով, նոր պատկերացումներով ունի անելիք»:
Նախարարի խոսքով, սակայն, գերատեսչությունում օպտիմալացում՝ վարչությունների կրճատում պետք է լինի:
«Կառուցվածքային առումով, անշուշտ, լուրջ փոփոխությունները նախարարությունում անխուսափելի են, որովհետև ստորաբաժանումների գործառույթները հաճախ համընկնում են: Շուտով կիմանաք նաև ռեստրուկտուրիզացիայի վերաբերյալ մեր քայլերի մասին»,- հայտնեց նա: