«Ղրիմյան կամուրջ. Պատրաստված է սիրով». Տիգրան Քեոսայանի` նոր ֆիլմը
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու նրա կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ֆիլմ են նկարահանել Ղրիմի կամրջի մասին:
«Ղրիմյան կամուրջ. Պատրաստված է սիրով» ֆիլմը Ռուսաստանում կթողարկվի 2018 թվականի աշնանը: Հաղորդում է РИА Новости-ն:
Ֆիլմի սյուժեի կենտրոնում է Ղրիմի կամրջի շինարարությունը, շինարարների ու բնակիչների պատմությունները, որոնց համար շինարարությունը մի ընդհանուր գործ է դարձել:
Նշվում է, որ Քեոսայանը նկարահանել է ֆիլմը կնոջ գրած սցենարի հիման վրա, իսկ երաժշտությունը գրել է Սերգեյ Տրոֆիմովը:
«Ֆիլմը սկսվում է 1940-ականներին՝ պատերազմի ժամանակ, և ավարտվում մեր օրերում՝ կամրջի երթևեկության բացման օրը: Դեռ մինչ սցենար գրելը մենք մի քանի անգամ եկել ենք կամուրջ՝ մարդկանց հետ ծանոթանալու, և նրանցից ոմանք ֆիլմի հերոսների նախատիպեր են դարձել»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը:
Տիգրան Քեոսայանը պատմել է, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կերչի նեղուցի ջրային տարածքում և Տուզլա կղզում՝ կամրջի շինարարության իրական պայմաններում:
«Մենք աշխատել ենք իրական շինարարության պայմաններում, և շատ շնորհակալ ենք շինարարներին, որոնք թույլ են տվել մեզ անել դա: Այնտեղ դեկորացիաներ չկային. իսկական բետոն, մետաղ, տեխնիկա: Մեծ շինարարության իսկական մթնոլորտ, որի շուրջ ծավալվում են բոլոր գործողությունները», - պարզաբանել է Քեոսայանը: