Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ. Զեյնալյանը՝ քաղաքապետի իր թեկնածության մասին
Հայտարարում եմ՝ համաձայնել եմ գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ այս նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է: Անդրադառնալով դիտարկմանը, թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ՝ Ա. Զեյնալյանը նշեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել: ««Ելք»-ը շարունակում է լինել ներկայիս կառավարության հիմնական հենարանը», - ամփոփեց Արտակ Զեյնալյանը: