«Ժառանգություն» – ն ամեն ինչ կանի, որ հեղափոխությունն ամբողջանա. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության վարչությունն օգոստոսի 20-ին կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում կորոշվի, թե ով է գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը։ Այս մասին օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Մենք անցյալ շաբաթ հայտարարեցինք, որ մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս տածեցինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը իրականություն կդառնա, բայց, ավաղ, հարգելի պատճառով, սակայն մեր կարծիքով սխալ մոտեցմամբ այն չիրականացվեց, սակայն հեղափոխության միասնական ցուցակը գոնե այս ընտրություններին պիտի վերածվի միջկուսակցական, բազմակուսակցական մրցակցության տարբեր ցուցակների»,–հայտարարեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ չի բացառվում, որ «մինչև արտահերթ ընտրություններ մենք կկարողանանք ավելի հեռահար մտածել, բայց ներկա դրությամբ սա է իրականությունը», ապա հույս հայտնեց, որ վերջապես կհաջողվի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, առանց վարչական ռեսուրսի կիրառման։
«Ժառանգություն» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ տակավին անկատար մեր ազգային հեղափոխությունը ամբողջանա»,–եզրափակեց նա։