Իրաքը հրաժարվում է ամբողջությամբ պահպանել պատժամիջոցների ռեժիմը
ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակից Իրաքի միջև հակասություններ են առաջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, գրում է Риа новости-ն։
Բաղդադը հրաժարվում է ամբողջությամբ պահպանել պատժամիջոցների ռեժիմը Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները սպառնում են պատժամիջոցներ սահմանել երկրի դեմ:
Վաշինգտոնում աշխատող բարձրաստիճան իրաքցի դիվանագետը պատմել է որ ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ Իրաքի փոխհարաբերությունների ողջ բարդությունը, սակայն շարունակում է ճնշում գործադրել։
Նրա խոսքերով՝ Բաղդադը մի իրավիճակում է, երբ պետք է լավ հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ։
Իրաքի համար գրեթե անհնար է խզել Իրանի հետ առևտրային հարաբերությունները։ Երկիրը տնտեսապես կապված է իր արևելյան հարևանից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և մթերքի մատակարարումներով։
Իրաքցի դիվանագետը հույս է հայտնել, որ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել պատժամիջոցների ռեժիմից բացառության։