Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ. ծառայողական քննություն է իրականացվում
Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում:
Այս մասին հայտնում են Ոստիկանության պաշտոնական կայքից:
«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը»,- ասված է հայտարարությունում:
Ոստիկանությունը խնդրում է միջադեպին ականատես եղած քաղաքացիներին կամ դրա վերաբերյալ տեսաձայնագրություններ ունեցողներին, դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: