Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. Փաշինյան
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Ի տարբերություն հեղափոխությունից հետո եղած կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսությունը զարգանում է, և արձանագրվում են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ:
Մայիսից 10-ից օգոստոսի 14-ն ընկած Ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 հազար 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնողների թիվն է:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով, այս տարի եկածների թիվն ավելի է 29 հազարով: Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի:
Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրության աճ: Դրանցում բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները, և այն, որ անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով, փաստում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և այլ քաղաքներում»:
Վարչապետն ասաց, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը, և ժողովուրդը պիտի անընդհատ հաղթի: