Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ ՀՀ-ում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք
100 օր առաջ հայ ժողովուրդը հաղթանակեց։ 100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 17–ին, պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել՝ ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ և սրանից հետո, ընդմիշտ, դուք եք որոշելու, թե ով լինի Հայաստանի վարչապետ։ 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու։
Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք։ Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, որ Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ։ Նաև այդ պատճառով է տեղի ունեցածը բացառիկ։ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն և այս ամենը իրականություն դառնա առանց մի կրակոցի, բռնության և զոհի։ Հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում հասկանալու, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը։ Ոմանք այդ գործոնները փնտրում են Արևմուտքում, ոմանք՝ Հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ իրադարձությունը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր հայ։ Այս ֆոնին սակայն ուզում եմ նշել, որ մեր թավշյա ոչ բռնի հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլև իր բովանդակությամբ։