ՃՈ-ի մայրաքաղաքում անցկացրած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ
Ոստիկանության պետի հանձնարարականով հուլիսի 16-ի գիշերը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրել է ուժեղացված ծառայություն:
Հայաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործողությունն աննախադեպ է եղել՝ ներգրավված են եղել մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները:
Ուժեղացված ծառայությունը համակարգել են ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը:
Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր, դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ:
Հայտնաբերվել են նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները:
Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չի ցուցաբերվել ոչ մի վարորդի նկատմամբ:
Ոստիկանությունը նշում է, որ նման միջոցառումները պարբերական են՝ կոչ անելով երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները: