ՀՔԾ-ն իրավունք չունի դատական ակտը կոչել ապօրինի. Քոչարյանի պաշտպան
Օգոստսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց.
«ՀՔԾ-ն խոսում է Հայաստանի Հանրապետության անունից, և եթե նա ասում է, որ դատական ակտն ապօրինի է, ստացվում է՝ ՀՀ անունից դատական ակտը հայտարարվում է ապօրինի։ Նման հայտարարություններն իրենք իրենցով ապօրինի են, չի կարելի նման բան ասել»։
Նրա խոսքով՝ Հայաստանի անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատական ակտը կոչել ապօրինի.
«Ընդ որում՝ այս պահին օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտ է, որովհետև թեև բողոքարկմնան ենթակա դատական ակտ է, բայց ուժի մեջ է հրապարակման պահից։ ՀՔԾ-ն կարող էր ասել, որ համամիտ չեն այս դատական ակտի հետ, պատրաստվում են բողոքարկել, բայց ոչ թե ասել՝ ապօրինի է։ ՀՔԾ այս հայտարարության մեջ տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»։
Անդրադառնալով ՀՔԾ-ի այն դիրքորոշմանը, որ դատարանը կալանքի հիմքերի փոխարեն՝ անդրադարձել է մեղադրանքին, Հայկ Ալումյանը ասաց.
«Իրավաբանորեն հայտնի է, հուսով եմ՝ ՀՔԾ-ին էլ է հայտնի է, որ նախքան հիմքերին անդրադառնալը դատարանն անդրադառնում է կալանավորման պայմաններին, եթե բոլոր պայմաններն առկա են, անդրադառնում է կալանավորման հիմքերին։
Իսկ պայմաններից մեկն անձի անձեռնմխելիության պայմանն է, պայմաններից մյուսը հիմնավոր կասկածն է, և այլն։ Եթե ՀՔԾ-ն այսքան բան հանրությանն առանց բացատրելու ասում է, և հանրությունն ընդունում է, որ ՀՔԾ-ն ճիշտ էր, դատարանը՝ սխալ, այդպես չի կարելի, մանիպուլյացիայի մեթոդ է»։