Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
«Չեմ կարող կանխատեսել՝ Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ապա մենք, իհարկե, Եվրոպական դատարան կդիմենք», - ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել` հիմնվելով նախկին նախագահի անձեռնմխելիության վրա:
ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռևս չի բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում անցնում է որպես մեղադրյալ և մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։