Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի. Վարչապետ
Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ուեն իրենց կարծիքով՝ գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անլիքի ժամանակը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երևանի ավագանու ընտրությունները մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են։ Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով։ Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատության, ժողովրդավարության և օրինականության ապահովումը։ Հատուկ, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները հստակ են ձևակերպված, ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ուեն իրենց կարծիքով՝ գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անլիքի ժամանակը»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է։ Ես, իհարկե, համոզված եմ, որ սա այդպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ որևէ մեկը, ի նկատի ունեմ հայտնի խմբերին և շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի՝ Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ մարմինները »,– եզրափակեց վարչապետը։