Վարչապետի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն հոսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ջրերը տևական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում, չնայած ՀՅԴ-ն շարունակում է նրա կառավարության մաս կազմել:
Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչտրյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երեկ էլ ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ «ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը. ինքը չի կարող մեզ բռնի և պահի, մենք երբ ուզենանք, կգնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կա. ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել այնտեղ, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին»: Իսկ հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստվում է դուրս գալ կառավարությունից, նա պատասխանել է. «Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել: Մենք չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ենք մենք մաս կազմել ուրիշ բան չասելու համար»:
Համաձայնեք, իսկական ՀՅԴ-ականին վայել կեցվածք է, երբ «դեմ ըլլալով՝ կողմ կբոռան»: ՀՅԴ-ն բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության մոտեցումները չի կիսում, բայց և շարունակում է այդ կառավարության մաս կազմել՝ օգտվելով իշխանության ընձեռած բարիքներից, ձևացնելով թե այդպես մեծ լավություն է անում դիմացինին; Այս գործելաոճը ՀՅԴ-ի դեպքում նորություն չէ՝ նախկինում էլ նրանք պարբերաբար նման զեղումներ ունեցել են՝ այդպես փորձելով քաղաքական առևտրում բարձրացնել իրենց գինը: Իսկ առջևում քաղաքական մեծ առևտուր է սպասվում, արտահերթ ընտրություններ, նոր կառավարության ձևավորում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: