Ախթալայում տեղի կունենա խորովածի համահայկական 10-րդ հոբելյանական փառատոնը
Oգոստոսի 19-ին Ախթալայում տեղի կունենա համահայկական 10-րդ հոբելյանական «Խորովածի փառատոնը», որի ժամանակ Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերը, ինչպես նաև զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների ներկայացրած մի շարք թիմեր իրենց ուտեստներով կմասնակցեն փառատոնին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ևպահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Փառատոնին լինելու է 30 տաղավար: Փառատոնը կազմված է երկու մասից՝ մրցութային և գեղարվեստական: Առաջին հատվածի մասնակիցները կներկայացնեն խորովածի տեսականիները, այնուհետև 10 անդամից բաղկացած ժյուրին կգնահատի երեք անվանակարգով՝ «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահաղացում»: Խաղարկվելու է նաև հոբելյանական արձանիկի տեսքով գլխավոր մրցանակ:
Իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, համապատասխանաբար, կպարգևատրվեն ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով»,- ասաց Սեդրակ Մամուլյանը: