Հայ պղնձագործը պատմել է հալված մետաղի մեջ ձեռքը մտցնելու հնարքի մասին (տեսանյութ)
Հայաստանի Ալավերդի քաղաքի բնակիչ, պղնձագործ Արկադի Մգդսյանը, որը ճանաչում է ձեռք բերել համացանցում իր մասնակցությամբ ուշագրավ տեսանյութի տարածումից հետո, ria.ru-ին պատմել է՝ ինչպես է մերկ ձեռքն անցկացրել հալված մետաղի շիթի միջով:
Մեկուկես միլիոնից ավելի դիտում հավաքած տեսանյութում երևում է, որ տղամարդու ձեռքը չի այրվում և առհասարակ որևէ վնասվածք չի ստանում հալված մետաղի հետ շփումից:
Տղամարդը պատմել է, որ ինքն ամենևին էլ չէր ակնկալում, որ տեսանյութն այս աստիճան կհետաքրքրի օգտատերերին: Մգդսյանի խոսքով՝ մերկ ձեռքը հալված մետաղի մեջ մտցնելը շատ հին ավանդույթ է:
«Այն, ինչ դուք անվանում եք հնարք, անում են բոլորը՝ երիտասարդները և ոչ միայն մեր քաղաքի մետաղագործները: Դա մետաղագործ կնքվելու յուրատեսակ ավանդույթ է, և գործարանի 250-ամյա պատմության ընթացքում բոլոր երիտասարդ մասնագետները, հասնելով վարպետության որոշակի մակարդակի, արել են դա»,- մանրամասնել է Մգդսյանը:
Տղամարդը նաև նշել է, որ գործարանի 250-ամյա պատմության ընթացքում տնօրինությունը երբեք չի խրախուսել մետաղագործների այս քայլը և նույնիսկ արգելել է նման բան անել, ուստի՝ աշխատողներն իրենց վարպետությունը գաղտնի են ի ցույց դրել:
Մգդսյանի խոսքով՝ իր մասնակցությամբ տեսանյութի տարածումից հետո տնօրինությունն իրեն կանչել է, բացատրություն պահանջել ու խիստ նախազգուշացում արել:
Վերջում նա բացահայտել է հնարքի գաղտնիքը՝ նշելով, որ ձեռքը հալված մետաղի մեջ մտցնելուց առաջ այն պետք է լավ թրջել: Ձեռքի վրա ջուրը մետաղի հետ շփումից գոլորշիանում է ու շատ կարճ ժամանակով պաշտպանում մաշկն այրվածքներից:
Մանրամասն` տեսանյութում: