ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործի ընթացքին. դեսպան
ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1-ի» գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։
«Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։