Մենք մարդուն չենք մերժում, բայց երևույթը պետք է մերժել. հոգևորականը՝ Շուռնուխի դեպքերի մասին
Շուռնուխի դեպքերը սադրանք են՝ ուղղված գյուղի բնակիչների դեմ:
Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Շուռնուխի դեպքերը սադրանք են՝ ուղղված գյուղի բնակիչների դեմ, սա նաև քարոզչություն է, որ մենք այստեղ կանք, մենք էլ գոյություն ունենք և ունենք մեր իրավունքները: Եղավ սադրանք, եղավ հակադարձում, արդյունքում այսօր բոլորը խոսում են այդ մասին, մեծ հաշվով՝ նաև քարոզչություն է գնում»,- ասաց քահանան:
Տեր Եսային նշեց, որ իրենց պրակտիկայում եղել են դեպքեր, որ նույնասեռականը դիմել է հոգևորականին, որ փոխվի, և փոխվել է:
«Ոչ միայն հոգևոր փորձառությամբ, այլ նաև բազմաթիվ մասնագետների դիմելով և խնդիրը քննարկելով: Եվ ընդհանրապես, 2 հակադիր կարծիքներ կան, որ մարդ այդպիսին ծնվում է կամ այդպիսին դառնում է: Սակայն մեզ համար շատ հստակ է, որ սա մեղք է, պղծություն է, որը պետք է արմատախիլ լինի մեր հասարակությունից տեղ չպետք է ունենա»,- ասաց նա:
Այս ամենի հետ մեկտեղ, ըստ քահանայի, եկեղեցին երբեք չի ասել, որ այս մարդկանց պետք է ճնշել:
«Եկեղեցին երբեք չի ասում՝ այս մարդկանց պետք է խարույկի վրա այրել, ծեծել ու ջարդել կամ նրանց դեմ պայքարել: Մենք մարդուն չենք մերժում, բայց երևույթը պետք է մերժել, որ տարածում չգտնի հասարակության մեջ: Թվում է, թե փոքրամասնություն է, իրենց ճնշում են, բայց նման բան չկա, իրականում, փոքրամասնությունն է ճնշում մեծամասնությանը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ Շուռնուխում տեղի ունեցածն արհամարհանք էր հասարակության նկատմամբ. «Պարզապես իրենք ուզում էին ասել՝ հասարակություն, ես թքած ունեմ քեզ վրա, ես ինչ ուզեմ՝ կանեմ: Հասարակությանը չի էլ հետաքրրքում, թե ես մարդն ում հետ է քնում, իրենք սադրում են, դուրս են գալիս քարոզչության, դա արդեն հասարակությունը վտանգում է»:
Հոգեբանի խոսքով՝ գյուղացիները ոչ թե իրենք պետք է հաշվեհարդար տեսնեին երիտասարդների հետ, այլ ոստիկանություն կանչեին և այդպիսով կբացառեին բռնությունը: