Տիգրան Ավինյանը ներկայացրել է կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները:
Տ. Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասել է, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը:
Իր խոսքում Ս. Պետրոսյանը հույս է հայտնել, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:
Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք մաղթել համակարգի աշխատակիցներին: