Քոչարյանը ազատ արձակվեց. ուղիղ
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
Դատարանի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։
«Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», -ներկայացրեց Ռուբեն Սահակյանը՝ ընդգծելով, որ իրենք բավարարված են Վերաքննիչ դատարանի որոշումից։
Նա չբացառեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը։
Հարցին՝ այսինքն ազա՞տ է արձակվելու Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը պատասխանեց. «Շատ հանգիստ»։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը 2 բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով վերացնել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը կամ նրան ազատել գրավի դիմաց։
Պաշտպանական կողմը պնդում էր, որ նախաքննությունն իրականացնող մարմինը չի հիմնավորել կալանավորելու մասին միջնորդության որոշումը և չկան հիմնավոր կասկածներ, որ Քոչարյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում անցնում է որպես մեղադրյալ և մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդված):