Փաստացի Հայկ Մարությանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է իրականում. Սերգեյ Գյոզալյան
Օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցման արդյունքները ասաց.
«Անհատ տաքսու վարորդների մեծամասնությունը հակված է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկել Հայկ Մարությանի օգտին։
Հարցումը ձևակերպված է եղել հետևյալ կերպ՝ ում կցանկանայիք տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Այն իրականացվել է 500 վարորդի շրջանակներում, որը վարորդների 2 տոկոսն է կազմում»,– նշեց Գյոզալյանը։
Նրա խոսքով՝ Հայկ Մարությանին քաղաքապետ է տեսնում հարցվածների 43 տոկոսը, երկրորդ տեղում Արտակ Զեյնալյանն է՝ 19 տոկոս, իսկ հարցվածների 25 տոկոսը չէր պատրաստվում քվեարկել կամ դեռևս չէին կողմնորոշվել։ Հարցումը մեկնարկել է երկու շաբաթ առաջ։
«Ընդ որում, նրանք, որոնք սատարում էին Հայկ Մարությանի թեկնածությունը, հարցման ժամանակ նշում էին, որ կքվեարկեն «Նիկոլի թեկնածուի» օգտին։
Փաստացի Հայկ Մարությանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է իրականում»,– եզրափակեց նա։
Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահը նաև նշեց, որ կցանկանային հանդիպել Հայկ Մարությանի հետ՝ հասկանալու համար ինչպես է պատրաստվում վերջինս լուծումներ տալ տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներին։