Մեկնարկել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը
Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին հաղորդվում է Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունել են, շնորհավորել և բարի երթ մաղթել Երևան քաղաքից Իջևան մեկնող մասնակիցներին։
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում: Հայաստանի տարբեր անկյուներից երիտասարդները կհանդիպեն Իջևանում նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով։
ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»: