Պաշտոնյայի գործը էստեղ-ընդեղ ինչ-որ վարձակալական կամ սեփականություն ձեռք բերելը չէ. վարչապետ
Ես ինֆորմացիա ունեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում, նաև «Սևան» ազգային պարկում հողեր են վարձակալության տրված ծիծաղելի գներով, որոնք ոչ մի եկամուտ չեն ապահովում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
««Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ 5 դրամով, 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ բոլոր այդ վարձակալության պայմանագրերը վերանայեն հետևյալ տրամաբանությամբ. կամ դրանք բերվում են նորմալ գնային վիճակի, կամ էլ եթե չեն բերվում նորմալ գնային վիճակի, պետք չէ վարձակալության տալ: Եթե ասենք 50 դրամով է կամ ինչ-որ այլ ծիծաղելի գնով, պետք չէ ընդհանրապես, թող էդ անտառը մնա անտառ, որ մարդիկ հավասար ձևով կարողանան էդ անտառներից օգտվեն»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ նույն իրավիճակը նաև Սևանում է, որտեղ ամենուր ցանկապատեր են և դրանք պետք է վերացվեն:
«Նախ տրամաբանությունը պետք է լինի ազգային պարկի շահը, քաղաքացիների շահը և հետո նոր վարձակալի շահը: Բոլոր պայմանագրերը հատ-հատ նայեք, էս հանձնարարականը ես տվել եմ նաև «Սևան» ազգային պարկին: Ընդ որում, էս ամեն ինչը կապվում է պաշոնյաների անվան հետ, կապ չունի ներկա, թե նախկին: Պաշտոնյայի գործը պետական ծառայություն իրականացնելն է, ոչ թե էստեղ-ընդեղ ինչ-որ վարձակալական կամ սեփականություն ձեռք բերելը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե վարձակալություն է, ապա դա պետք է լուրջ օգուտներ բերի, որը կծառայի վարձակալվող տարածքի բնությանը հասցված վնասի վերականգնմանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա շատ կարևոր է և ինքը խնդրում է այդ խնդիրը շատ արագ լուծել: