Վարչապետի հանձնարարությամբ միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը պետք է լինի հավասարակշռված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել, որպեսզի միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը լինի հավասարակշռված:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի հարաբերություններում միշտ շեշտադրվել է օրինականության անհրաժեշտությունը, սակայն, այնուամենայնիվ, օրինականության անհրաժեշտության մեկնաբանությունները պետք է չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին:
«Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հանձնարարականը եղել է հատկապես միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը իրականացնել հավասարակշռված և չլինի կոշտ վարչարարություն: Հույս ունեմ, որ այս հանձնարարությունը չի դիտարկվի որպես օրինականության դաշտից դուրս գալու ինդուլգենցիա»,- ասաց Փաշինյանը: