Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի և ղեկավար անձնակազմի հետ
Հանդիպման սկզբում Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և ներկայացրել հիմնադրամի նպատակները, մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջարկությունները։
Արարատի մարզը կարող է ընդգրկվել գինու, ուխտագնացության երթուղիների և Մետաքսի ճանապարհի մեջ։ Այցելությունների թվաքանակի բարձրացման համար անհրաժեշտ է ճշտել ու ձևավորել մարզի զբոսաշրջային դիմագիծն ու առանձնահատկությունները, ստեղծել զբոսաշրջային հանգույցներ։ Առանձնակի կարևորություն կարող է ձեռք բերել «Նոյի արահետ» զբոսաշրջային նախագիծը։ Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու մարքեթինգային և լայն մասնագիտական աջակցություն՝ զբոսաշրջային գրավչության օբյեկտների մշտադիտարկման, փաթեթավորման և հանրահռչակման ուղղությամբ։ Սա, ըստ Ա. Խզմալյանի, պայմանավորված է նաև մայրաքաղաքը շրջանակող փոքր զբոսաշրջային օղակ ձևավորելու խնդրով։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել Արարատի մարզի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելու համար:
Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել աշխատանքների իրականացման ընթացքում: Հետագա համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավավորել աշխատանքային խումբ, կազմակերպել համատեղ այցելելություններ մարզի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ, այնուհետև մարզպետարանի քննարկմանը ներկայացնել մշակված մրցունակ առաջարկություններ և ներդրումային ծրագրերի նախագծեր: Հանդիպումից հետո հիմնադրամի և մարզպետարանի ներկայացուցիչները շրջել մարզի տարբեր համայնքներում: