Այո, Քոչարյանը շարունակում է պնդել, որ անմեղ է. պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը:
Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:
Հարցին, թե երկրորդ նախագահը ներկա էր և արդյոք դատարանում խոսել է, Ալումյանն ասաց. «Նախագահը ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»:
Մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ բողոքի քննությունը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը դեռևս չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել, նիստը կշարունակվի վաղը։
«Չգիտեմ՝ այն կհասցնենք ավարտել, թե ոչ: Եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, դեռ դիրքորոշումներն ամբողջությամբ չենք լսել»,– ասաց պաշտպանը։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, Օրբելյանն ասաց. «Այո, շարունակում է պնդել»:
Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։