2016 թ-ին զոհված զինծառայողների ընտանիքներին, ընդհանուր հաշվարկով, կտրվի 206 մլն դրամ
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» նիստի ընթացքում հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց.
«2015-2016 թ-ի զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին որպես փոխհատուցում կտրամադրի պետության կողմից արդեն տրամադրվող գումարների և հիմնադրով նախատեսված գումարի տարբերությունը:
Եթե սպան մահացել է, ասենք` 60 հազար դրամ պետությունը ամսական տրամադրում է, հիմնադրամը 240 հազար դրամ կվճարի:
Այսպիսով` նաև հավասարություն կլինի 2017 թ-ի հունվարի մեկից և դրանից առաջ դեպքերից… Մոտ 183 դեպք կա: Նախնական հաշվարկներով ՝ 2015թ-ին 93 մլն կտրամադրվի տարեկան, 2016 թ-ի համար՝ 206 մլն դրամ, 6 մլրդ դրամ կկազմի 20 տարվա ընթացքում»,- մանրամասնեց հիմնադրամի տնօրենը:
Նա առաջարկեց, որ ՊՆ-ն փաստաթղթերը տրամադրի մինչև հոկտեմբերի 1-ը, որպեսզի հնարավորություն լինի հոկտեմբերի 15-ից փոխհատուցել:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ սեպտեմբերի մեկից սկսեն փոխհատուցել, առաջարկն ընդունվեց:
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարեց, որ հավասարության սկզբունքով պետք է փոխհատուցում տրվեր 2014 թ-ի դեպքերի համար, քանի որ Ապրիլյան պատերազմի դեպքերի մասով ոչ հիմնադրամի կողմից այլ տարբեր ծրագրերով աջակցություն է եղել:
Պաշտպանության նախարարն ասաց, որ դրա մեջ որոշակի ճշմարտություն կա, բայց բոլորը գիտեն, թե 2016 թ-ի ապրիլին ինչ է եղել:
Նախարարը նշեց, որ հիմնադրամի ուշադրությունը գովելի է, եթե հաշվարկներ արվեն և հետագայում տեսնեն, որ հնարավորություն կա՝ նաև 2014, 2013 թ- ի դեպքերին կանդրադառնան:
Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից որոշումը միաձայն ընդունվեց: