Էկվադորն արտակարգ դրություն է սահմանել վենեսուելացի ներգաղթյալների ներհոսքի պատճառով
Էկվադորի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի երեք նահանգում՝ Վենեսուելայից ներգաղթյալների ներհոսքի պատճառով:
Այս մասին ասվում է Էկվադորի արտգործնախարարության կայքում:
Նախարարության հայտարարությունում ասվում է, որ արտակարգ դրության ռեժիմ է մտցվում Պիչինչա նահանգում, ինչպես նաև՝ Կարչի և Էլ Օրօ նահանգներում, որոնք սահմանակից են Կոլումբիային և Պերուին:
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կգործի օգոստոսի ընթացքում, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել:
Էկվադորի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ ամեն օր երկիր է ժամանում մինչև 4.200 վենեսուելացի:
Պիչինչա, Կարչի և Էլ Օրօ նահանգներ կուղարկվեն միգրացիոն հսկողության լրացուցիչ ուժեր, բուժաշխատողներ, հոգեբաններ ու սոցաշխատողներ:
Միջազգային կազմակերպություններն իրենց հերթին պատրաստ են ջուր, սնունդ, հիգիենայի պարագաներ ու վրաններ տրամադրել: