Մենք կասկածներ ունենք, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 9-ին, հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները, թե Մարտի 1-ի գործով ստուգումներ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի հետ կապված։
«Բազում վարկածներ կան, որոնք ստուգվում են, չեմ մեկնաբանում: Գործը նորից քննվում է, բոլոր հանգամանքներով, որովհետև եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հրաման էր, նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերել և կցել գործին, դրա շուրջ քննություն անել։ Մենք կասկածներ ունենք, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ, որոնց շուրջ մեծ ծավալի քննչական գործողություններ են իրականացվում»,– Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՀՔԾ պետը հավելեց նաև, որ Մարտի 1-ի գործով կլինեն նոր տուժողներ: Նա պարզաբանեց, որ մարդիկ, վախենալով քրեական հետապնդումներից, նախկինում չեն հայտնել մարմնական վնասվածք ստանալու մասին, բայց այսօր դիմում են և տուժողի կարգավիճակ ստանում: