Սեյրան Օհանյանին և Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. Սասուն Խաչատրյան
Մարտի 1-ի գործով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նախ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելելով, որ ցանկացած անձի մեղադրանք առաջադրվելու դեպքում այդ մասին կլինի հրապարակում իրենց կողմից։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբորը, ապա նա այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ։
«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,-ավելացրեց նա։
Սեյրան Օհանյանին, ով 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության մասին տեղեկություններին, պաշտոնյան չցանկացավ մեկնաբանել։ «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ ես չեմ ցանկանում խոսել այդ վարկածների մասին»,- հավելեց ՀՔԾ պետը։