Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն այսօր կնշանակվի ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ղեկավար
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որն այսօր կառավարության որոշմամբ կնշանակվի ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ղեկավար, Facebook-ի իր էջում պատասխանել է իրեն ուղղված շնորհավորանքներին ու տեղեկացրել, որ փակում իր ճարտարապետական գրասենյակը։
«Զգացված լինելով դեռևս վաղաժամ մաղթանքների համար ուզում եմ վստահեցնել ու հույս հայտնել, որ կարդարացնեմ բոլոր սպասելիքները։
Կարծում եմ դեռ առիթներ կլինեն ներկայացնելում թե ինչու կադաստր և ոչ այլ, առաջին հայացքից իմ փորձին մոտիկ, ոլորտ։
Այս պահին ուզում եմ շնորհակալություն հայտնել urbanlab.am-ի անցյալ ու ներկա թիմի անդամներին, ում հետ աշխատելը մեծ բավականություն էր։ Մենք մի քանի տարվա ընթացքում կարողացել ենք կայացնել ոլորտի ամենաճանաչելի ու անկախ քաղաքային հետազոտական կազմակերպությունը, որն այնքան էլ հարթ պրոցես չէր։ Հույս ունեմ որպես խորհրդի անդամ ժամանակ ու ուժ կգտնեմ աջակցել թիմին ընթացիկ ու ապագա ծրագրերում։
Տեղեկացնեմ նաև, որ այսօրվանից դադարեցնում եմ նաև իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը, բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսևորումներն ու ռիսկերը։ Սա ինձ համար շատ սկզբունքային խնդիր է եղել թե՛ նախկինում, թե՛ կլինի ապագայում, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այժմ արդեն նաև որպես հանրային ծառայող»։