Ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։
Խոսքը և մրգերի, և բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։
Նույնը լոլիկի դեպքում է. հիմա լոլիկի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։
«Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ ներմուծվում է»,– նշել է նա։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում